Ինձ մի՛ վախեցրեք այն միակ Օրով,
Որին կոչում են Դատաստանի օր:
Դատաստանը իմ ՝անարդար ու ժանտ,
Վաղուց եք բերել դուք՝ կործանարար
ՈՒ դաժանության խենթ երկրպագու
Անազնիվ մարդիկ։
Ինձ մի՛ սպառնացեք,
Թե դատաստան կա այն մութ աշխարհում,
Ինձ կենթարկեք այդ դատաստանին:
Չէ՛, այլ բա՛վ է, համբերությունս հատել է արդեն,
Շատ եմ համբերել․..
Ե՛ս եմ բերելու դատաստանը ձեր՝
Մեծ մարդեղացման դասեր տալով ձեզ,
Որը ձեզ համար մահու չափ ծանր,
Դաժան կլինի։
Ձեր դաժանության նժարին՝ գիտցե՛ք,
Ես էլ կդնեմ դաժանությունն ա ՛յս,
Որ հոգու բոլոր գաղտնարաններից
Պեղեք ու հանեք խիղճը մարդկային,
Եվ ինչպես Մեծն Շեքսպիրն է ասել՝
Հենց միայն բարի լինելու համար
Թող դաժան լինեմ․․․
Եվ նորից, կրկին Մարդը Մարդ ծնի,
Եվ Մարդ ծնվածը Մարդ մնա ընդմիշտ:
22.07.2024
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ